Լիբիան սիրիացի ապստամբներին խոշոր քանակի զենք է ուղարկել: Ինչպես հաղորդում է բրիտանական The Time թերթը, նավը կանգնած է եղել թուրքական նավահանգստում, որտեղից էլ շարժվել է Սիրիա:
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ ընդհանուր առմամբ, Լիբիան ուղարկել է ավելի քան 400 տոննա բեռ՝ «երկիր-օդ» հրթիռներ, ձեռքի հակատանկային նռնականետեր, մարդասիրական օգնություն և դեղորայք: «Այդ իրերը կարող են փոխել իրադարձությունների ընթացքը, եթե դրանք ճիշտ օգտագործվեն»,- թերթին ասել է Սիրիայի ազատ բանակի անդամ Աբու Մուհամմադը: Նա նշել է, որ դա Սիրիայի հակամարտության ընթացքում ստացված զենքի ամենախոշոր խմբաքանակն է:
Պարբերականի թղթակիցները տեսել են Intisaar նավը Թուրքիայի Իսկանդարուն նավահանգստում: Նավի կապիտանը լիբիացի Օմար Մուսաիբն է: Մի քանի շաբաթ նավահանգստի ղեկավարությունը ճանապարհը շարունակելու համար մի շարք փաստաղթեր է ստորագրել: Ընդ որում, Մուսաիբը և նրա ենթակաները նշել են, որ Թուրքիայում տարբեր խմբավորումներ, այդ թվում՝ «Մուսուլման եղբայրները», փորձել են իրենցից խլել նավը:
Արդյունքում Սիրիա է ուղակվել բեռի ավելի քան 80 տոկոսը: Մուսաիբը մի քանի լիբիացիների հետ որոշել է նավն ուղեկցել մինչև նշանակված վայր՝ հետևելու համար դրա բաշխմանը:
Մուսաիբը սակայն լրագրողներին չի պատմել, թե կոնկերտ ինչ է տեղափոխում՝ հայտարարելով, որ կարող է ասել միայն դեղամիջոցների և մարդասիրական օգնության մասին: «Մեր նավը շտապ բեռ է տեղափոխում, որն անհրաժեշտ է սիրիացի ժողովրդին՝ իրենց հեղափոխության մեջ հաջողության հասնելու համար»,- ասել է նավապետը:
Լիբիայում Մուամար Քադաֆիի տապալումից հետո մեծ քանակությամբ զենք է անհետացել: Պաշտոնական անձինք խոստովանել են, որ անհետացել է ավելի քան 5000 «երկիր-օդ» հրթիռ: Լիբիան նախկինում էլ է փորձել զենք ուղարկել Սիրիա, սակայն այդ փորձերը կանխվել են:











































