Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին, սկսվել է «Հարսնաքարի» գործով դատական նախնական նիստը: Նիստը նախագահում է դատավոր Դավիթ Հարությունյանը:
Դատական նիստն արդեն սկսվել է, և դահլիճ են բերել 6 մեղադրյալներին` Դավիթ Ադամյանին, Գարիկ Մարգարյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին: Նրանք բոլորը դատարան են բերվել ձեռնաշղթայված:
Ի սկզբանե դատական ամբողջ նիստը վատ էր կազմակերպված, քանի որ չկային բարձրախոսներ, որոնք նիստը լսելու եկած լրագրողներին և հարյուրավոր մարդկանց հնարավորություն կտային լսելու, թե ինչ են խոսում դատավորը և իրավապաշտպանները:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Վահե Ավետյան» հասարակական խմբի անդամ Գարեգին Չուքասզյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իմանալով այսքան մարդ կմասնակցի` զրկել են նրանց տարրական հնարավորությունից. բարձրախոսներ չեն տեղադրել, և հնարավոր չի եղել հետևելու դատական ընթացքին:
«Այն միջնորդությունները, որ ներկայացրել են տուժող կողմի փաստաբանները, չեն բավարարվել, որովհետև ակնհայտ է` նախաքննությունը ամեն ինչ արել է փաստերը խեղաթյուրելու համար: Առաջին հարցը, որի համար մենք հավաքվել ենք, հետևյալն է` պահանջում ենք, որ փաստաբանների բոլոր միջնորդությունները ընդունվեն, որպեսզի նաև որակվի նախաքննության փուլը որպես նախաքննություն, որովհետև ակնհայտ է, որ ամեն ինչ արվել է դեպքերը կոծկելու և տուժող կողմի իրավահաջորդի աշխատանքը խոչընդոտելու համար»:
Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը լրագրողներին ասաց, որ փաստաբանները չեն մտնելու դահլիճ, քանի որ ոմանք առանց փաստաթուղթ ներկայացնելու են մուտք գործել դատարան, և նա լսել է, թե ինչպես են ասել` քրեականի տղերքն են, մերոնք են, թող անցնեն, մինչդեռ փաստաբաններին ճանաչելով` անգամ ստուգման են ենթարկում:
Փաստաբանը հարցը բարձրացրել է, սակայն ի պատասխան` հնչել է, թե ոստիկանը իրականացնում է իր լիազորությունները:
Դատավորը հեռացել է` որոշում կայացնելու:







































