ՀՀ կառավարությունը 7 երգ գիտի, 7-ն էլ բանկերի մասին. այսօր ԱԺ-ում Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների փաթեթի քննարկման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով` պակաս կարևոր չէ ներդրումների նկատմամբ պետական երաշխիքների բացակայության հարցը: «Ո՞ւմ և ինչի՞ համար ենք տալիս մեր փողը»,- որպես ասածի հավաստում՝ հարց հնչեցրեց նա:
Քննարկմանը ներկա` ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը իր հերթին անդրադառնալով կենսաթոշակային համակարգում սպասվելիք բարեփոխումներին՝ նկատեց. «Ժողովուրդը նրա համար է, որ հարկեր տա, իսկ պետությունը` նրա համար, որ կարողանա հավաքագրել ու կառավարել դրանք՝ ի շահ երկրի և հասարակության բարեկեցության»:
Քննարկման ընթացքում Հրանտ Բագրատյանը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց՝ նա կարդացե՞լ է արդյոք կենսաթոշակային բարեփոխումների ՀԱԿ-ի ծրագիրը:
Ի պատասխան Հակոբյանն ասաց` ոչ միայն ուսումնասիրել է, այլև համադրել է իշխանության առաջարկած ծրագրի հետ և տեսել, որ դրանց միջև սկզբունքային շատ տարբերություններ չկան: