Կարծում եմ, որ նախագահական ընտրություններին ՀԱԿ-ը կպաշտպանի ԲՀԿ թեկնածուին.այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով ներքաղաքական զարգացումների և գալիք նախագահական ընտրությունների շուրջ:
Ստեփան Սաֆարյանի խոսքով`քանի դեռ ՀԱԿ-ը չի հայտարարել ԲՀԿ-ի հետ իր խզված հարաբերությունների մասին, հենց դա է պատճառը, որ կարծում է՝ ՀԱԿ-ը կպաշտպանի ԲՀԿ թեկնածուին: Մինչդեռ բանախոսի համոզմամբ, ԲՀԿ-ն ՀԱԿ թեկնածուին չի պաշտպանի:
Նա նաև այն կարծիքին է, որ ԲՀԿ-ն դեռևս վերջնական որոշում չի կայացրել գալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևի վերաբերյալ, իսկ պատճառներից մեկը իրավիճակի բարդությունն է,որում հայտնվել է կուսակցությունը երկրորդ և երրորդ նախագահների շահերի իրավիճակային տարբերության պատճառով:
«Այս իմաստով դժվար է մանևրել, լարվածության աճ կա երկու թևերի միջև: Կա խնդիր` թույլ չտալ, որ կոնֆլիկտ տեղի ունենա իշխանության և ընդդիմության միջև:Այս իմաստով Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցի հրապարակումը և Քոչարյանի գրասենյակի արձագանքը թույլ են տալիս ասելու, որ միջնորդավորված պատերազմ է, բայց ակնհայտ է, որ ԲՀԿ-ի վիճակն ավելի բարդ է»,- մեկնաբանեց Ստեփան Սաֆարյանը:
Նա հավելեց` հայտարարվել է,թե ընտրությունների ստրատեգիայի ԲՀԿ նպատակը վարչապետի փոփոխությունն է, ինչը հնարավոր է անել, եթե ԲՀԿ-ն ունենա նախագահի սեփական թեկնածու, իսկ դա անելը վտանգներ է պարունակում ԲՀԿ-ի համար:
Ստեփան Սաֆարյանի դիտարկումներով՝ նախագահի պոտենցիալ թեկնածուներից մեկը` Վ. Օսկանյանը,իր դեմ հարուցված քրեական գործով դարձավ իշխանությունից կախյալ: Ուստի Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ ԲՀԿ-ն իր որոշումների մասին այս փուլում չի հայտարարի. դեռ ժամանակ կա, թեև ժամանակը կարճ է` որևէ մեկին հանրությանը ներկայացնելու համար:









































