ՀՀ անկախության տոնակատարությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 21-ին, իսկ «Էրեբունի-Երևան» պաշտոնական տոնակատարությունն անցկացվելու է հոկտեմբերի 14-ին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ քաղաքապետարանի՝ անցկացվելու են համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, ակցիաներ:Հարցին՝ ի՞նչ միջոցներով են կազմակերպվելու միջոցառումները՝ պատասխանեցին, որ ՀՀ անկախության տոնակատարության միջոցառումների կազմակերպման գծով Երևանի քաղաքապետարանը ֆինանսավորում չի իրականացնում:
«Իսկ արդեն ավանդական դարձած «Էրեբունի-Երևան» պաշտոնական տոնակատարությունը Երևանի քաղաքապետարանը արդեն մի քանի տարի է կազմակերպում է իր գործընկերների հետ, որոնք աջակցում են մայրաքաղաքում իրականացվող տարբեր համաքաղաքային ծրագրերին, այդ թվում նաև «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը: Այս տարի նույնպես տոնին նվիրված միջոցառումները հովանավորվելու են բացառապես գործընկերների կողմից, որոնց թվում են «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն, «Իդեալ Համակարգ» խանութ-սրահների ցանցը, «Կովկաս» ռեստորանային համալիրը, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն, «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն: Նշված ցուցակը վերջնական չէ, քանի որ աջակցության պատրաստակամություն հայտնած ընկերությունների թիվը ավելի շատ է»,- ասացին քաղաքապետարանից:








































