ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երեխաների և զինված հակամարտությունների հատուկ ներկայացուցիչ Լեյլա Զերուգին կոչ է արել դադարեցնել երեխաների դեմ հանցագործությունները, ինչպես նաև անչափահասներին ռազմական խմբավորումների շարքերում հավաքագրելու գործընթացը:
Մարդու իրավունքների խորհրդի պատվիրակները երեքշաբթի Ժնևում քննարկել են գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի զեկույցը երեխաների և զինված հակամարտությունների վերաբերյալ:
Լելյլա Զերուգին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ զեկույցում ներկայացված են այն անձանց անունները, որոնք մեղավոր են երեխաներին հակամարտությունների մեջ ներգրավելու համար: Նրանց շարքում են Սիրիայի իշխանությունները, հետախուզությունը, ոստիկանությունը:
Նա նաև հայտնել է, որ իր գրասենյակը չհաստատված տեղեկություններ է ստացել, որ սիրիական ընդդիմության կողմից զինված խմբավորումների շարքերում երեխաների հավաքագրում է տեղի ունենում:











































