Բարաք և Միշել Օբամաներն այսօր կհարգեն 2001 թ. սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, առավոտյան ԱՄՆ նախագահը և առաջին տիկինն ամբողջ երկրի հետ զոհերի հիշատակը կհարգեն մեկ րոպե լռությամբ: Դրանից հետո Բարաք և Միշել Օբամաները կմեկնեն Պենտագոն, որտեղ կմասնակցեն ողբերգության զոհերի հիշատակի միջոցառմանը:
«Նախագահն, իհարկե, հույս ունի և համոզված է, որ ամբողջ երկրում ամերիկացիները ժամանակ կգտնեն, որպեսզի մտածեն 2001 թ. սեպտեմբերի 11-ի իրադարձությունների և այն մասին, թե ինչի միջով անցել է մեր երկիրն այդ պահից սկսած: Եվ հատկապես, այն բանի համար, որպեսզի հիշեն զոհերի և նրանց ընտանիքների մասին, ովքեր զոհվել են այդ սարսափելի օրը»,- երկուշաբթի մամուլի ճեպազրույցում ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
Սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակի միջոցառումներ տեղի կունենան Շանկսվիլում, որտեղ կմեկնի ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և, բնականաբար, Նյու Յորքում:
Այսօր լրանում է ԱՄՆ ահաբեկչությունների պատմության մեջ ամենասարսափելի օրվա 11-րդ տարին: 2001 թ. այս օրը «Ալ-Քաիդա»-ի ահաբեկիչներն առևանգեցին 4 ուղևորատար ինքնաթիռ՝ դրանցից երկուսն ուղարկելով Նյու Յորքի բիզնես-խորհրդանիշների՝ Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակների վրա, իսկ մյուս երկուսը՝ Պենտագոնի և ենթադրաբար Սպիտակ տան կամ Կապիտոլիումի վրա: Բոլոր ինքնաթիռները, բացի վերջինից, հասան իրենց նպատակին:
Չորրորդ առևանգված ինքնաթիռը՝ «93-րդ չվերթը», կործանվեց Շանկսվիլ քաղաքից ոչ հեռու՝ Փենսիլվանիա նահանգում: Անձնակազմի անդամները և ուղևորրները, հետաքննության տվյալներով, դիմադրություն էին ցույց տվել ահաբեկիչներին՝ կանխելով Վաշինգտոնում երկրորդ ահաբեկչությունը: Ինքնաթիռը կործանվել է ամայի վայրում, բոլոր ուղևորները զոհվել են:
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհ է դարձել 2,974 մարդ, 24-ը համարվում են անհետ կորած: Ահաբեկչությունների ժամանակ զոհվել է նաև 19 ահաբեկիչ:









































