Կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում թեև առաջադրվել էին մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ և մեծ թիվ էին կազմում նաև անկուսակցականները, սակայն հիմնական պայքարն ընթանում էր Հանրապետականի ու «Բարգավաճ Հայաստանի» միջև:
Բազմաթիվ քաղաքներից մեկում ԲՀԿ-ին հաջողվեց փոխել Գյումրիի ՀՀԿ-ական քաղաքապետին, ընդ որում` Սերժ Սարգսյանի ակտիվ սատարմամբ, հաղթել մի քանի գյուղերում, նաև վերընտրվել Սիսիանում: Փոխարենը ԲՀԿ-ն կորցրեց Մասիսը և մի շարք գյուղեր, որոշ տեղերում, օրինակ` Ստեփանավանում ԲՀԿ թեկնածուները բավական քիչ ձայներ հավաքեցին: ՀՀԿ-ն ևս որոշ տեղերում կորուստներ ունեցավ` որոշ գյուղերում հավաքելով քիչ ձայներ: Կային նաև տեղեր, որտեղ ՀՀԿ-ականն առաջադրվել էր ՀՀԿ-ականի դեմ, ինչն այլ կերպ, քան ՀՀԿ-ի ներսում ազդեցությունների դերաբաշխում հնարավոր չէ կոչել:
Որոշ տեղեկություններով` ԲՀԿ-ն այս անգամ շատ տեղերում գումար չի բաժանել. միայն Գյումրիում է եղել ահազանգ գումար բաժանելու հետ կապված, ինչպես նաև Սիսիանում: Փոխարենը` Հանրապետականի վերաբերյալ են ահազանգեր եղել:
ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը երեկ ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց, թե ԲՀԿ-ն թող իմանա իրականում որքան ձայներ ունի` թվարկելով վայրերը, որտեղ ՀՀԿ-ն հաղթել է ԲՀԿ ներկայացուցիչներին: «ՀՀԿ թեկնածուները նախագահական ընտրություններին ընդառաջ ցույց տվեցին, որ ամենաազդեցիկ և ամենավստահելի քաղաքական ուժը, այնուամենայնիվ, մնում է ՀՀԿ-ն»,- ասաց ՀՀԿ-ականը` մեր հարցին ի պատասխան հավելելով. «Դա ոչ միայն ԲՀԿ-ն, բոլորն էլ տեսան: Իսկ ո՞վ էր կասկածում, որ այսօր ՀՀԿ-ն ավելի ազդեցիկ քաղաքական ուժ է, քան ԲՀԿ-ն»: Նրա խոսքերով, անկախ նրանից` ով կառաջադրվի նախագահական ընտրություններում, պայքարը գնալու է երկրորդ տեղի համար. «Առաջին տեղն արդեն կանխորոշված է»:
Ինչ վերաբերում է ընտրախախտումների ու գումար բաժանելու մեղադրանքներին, ՀՀԿ-ականն ասաց. «Ես մեր հարգարժան ԲՀԿ-ականներին, ՀԱԿ-ականներին, ՀՅԴ-ականներին, բոլորին կոչ եմ անում, ովքեր նման ահազանգ են ստացել, ունեն փաստեր, թող դիմեն ոստիկանություն: ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ տարածքներում ժողովուրդը խնդիրների լուծումը կապում է ՀՀԿ հետ»: Մեր դիտարկմանը, թե գյուղացիներն ամենադժգոհն են իրենց վիճակից, ամենաշատ արտագաղթը գյուղերում է, ինչո՞ւ պիտի ընտրեին ՀՀԿ-ին, Շարմազանովը հակադարձեց. «Ես, օրինակ, եղել եմ Լուռու մարզում, այնտեղ գյուղացիները շատ ուրախ, շատ զվարթ գնացել, ձայնը տվել են ՀՀԿ-ին: Ճիշտ կլինի, որ թանաքի հարցով դիմեք մասնագետներին, ընտրական հանձնաժողովին: Մենք Ընտրական օրենսգրքի այնպիսի բարեփոխված տեսք ունենք` յուրաքանչյուր թեկնածու ունի բազմաթիվ վստահված անձիք, ամեն ինչ նկարահանվում է, և թեկուզ թանաքը ցնդի, դա մեծ խոչընդոտ չի հանդիսանում ընտրության որակի վրա»:
ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը ևս եղել է Լոռու մարզում ու հետևել է Վանաձորի քաղաքապետի ընտրություններին: «Որոշ տեղերում իրենք են հաղթել, որոշ տեղերում մենք ենք հաղթել ՀՀԿ-ին, ինչի մասին է խոսքը: Տեղական ընտրությունները ավելի շատ անձնական ընտրություններ են, էստեղ կապել այս կամ այն քաղաքական ուժի հետ` այնքան էլ ճիշտ չի: Գյուղապետ են ընտրում կոնկրետ մարդու, ոչ թե քաղաքական ուժի ներկայացուցչին ավելի շատ: Սա բավական լուրջ ազդեցություն է թողնում: Սրա հետ կապել քաղաքական ուժի ունեցած կշիռը, ճիշտ չի»,- մեզ հետ զրույցում ՀՀԿ ներկայացուցչին հակադարձեց ԲՀԿ պատգամավորը` հավելելով. «ԲՀԿ-ն ավելի կշիռ ունի ԱԺ ընտրություններում և կունենա, ես կարծում եմ, նախագահական ընտրություններում, բայց ասենք` գյուղապետ գյուղացին ընտրում է իր ճանաչած մարդուն: Այսինքն` անձին է ընտրում, քաղաքական ուժի հետ պետք չի կապել դա»:
Ի տարբերություն ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի, ԲՀԿ ներկայացուցիչը Վանաձորում ընտրախախտումներ նկատել է. «Որ ասեմ լրիվ մաքուր ընտրություն է անցել, դա այդպես չէ, եղել են խախտումներ, տեսողությունից թույլ անձինք շատ էին մի տեսակ, պետք է մեկն իրենց հետ մտներ, մեր վստահված անձերը արձանագրել էին քվեախցիկում քվեարկությունը նկարելու դեպք, որը ապացույց պիտի հանդիսանար երևի: Գումար բաժանելու ահազանգեր ստացել ենք, ասում էին` ընտրության նախորդ օրը եղել են այդպիսի դեպքեր»: Սակայն, նրա խոսքերով, ԲՀԿ-ում դեռ իրենք չեն հասցրել քննարկել անցած ընտրությունները և գնահատական տալ:
Ի վերջո, այս ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում գումարը և վարչական ռեսուրսը մնում են ընտրությունների հիմնական դերակատարը և ընտրական գործընթացի իրական որևէ բարեփոխում չկա նախագահական ընտրություններին ընդառաջ:









































