Այսօր, ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գ.Կոստանյանի ցուցումով դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Ա.Աղաբեկյանի նկատմամբ քր.գործ է հարուցվել։
Դատախազության լրատվական վարչության պետ Շահեն Տոնոյանը, մեզ հետ զրույցում ներկայացնելով դեպքի մանրամասները, նշեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 34-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ զինվորական դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Ա.Աղաբեկյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու փորձ կատարելու դեպքի առթիվ:
Դատախազի տեղակալը քաղաքացի Մ.-ից կաշառք է պահանջել` վերջինիս ժամկետային զինծառայության մեջ գտնվող, գողություն կատարելու մեջ մեղադրվող որդուն ավելի մեղմ պատիժ նշանակելու համար:
Քրեական գործի նախաքննությունը իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: