Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արևմտյան երկրները ցանկանում են Իրանում առաջացնել երաշտ՝ ցրելով ամպերը և կանխելով անձրևները: Այս մասին Իրանի նահանգներից մեկում հայտարարել է նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նա հավելել է, որ դա պատերազմ է, որում, վերջին հաշվով, հաղթելու է Իրանը:
Վերջին տարիներին Իրանը դարձել է մի շարք երաշտների զոհ: Դա հատկապես վերաբերում է Իրանի հարավին, ուր շարունակաբար գրանցվում են ավազամրրիկներ: Վերջիններս Իրան են հասնում հարևան Իրաքից, ուր վերջին երկու տասնամյակներին գրանցված պատերազմների հետևանքով շատացել են ամայի տարածքները:
Մահմուդ Ահմադինեժադը նախորդ տարի էլ հայտարարել էր, որ եվրոպական մի շարք երկրներ օգտագործում են հատուկ սարքավորում՝ Իրանում ամպերի ցրման ու անձրևների կանխման համար: Ահմադինեժադը հավելել էր, որ իրենք այդ մասին ապացույցներ ունեն:











































