Սեպտեմբերի 5-8-ը` Իտալիայի Բոզե վանական համալիրում «Մարդն իբրև արարչագործության պահապան» խորագրի ներքո տեղի է ունեցել 20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը, որին մասնակցում էին բազում ներկայացուցիչներ Ուղղափառ, Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիներից, ինչպես նաև գիտնականներ տարբեր կրթական հաստատություններից:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կոնֆերանսին մասնակցել է Միլանի հոգևոր հովիվ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը, որն ընթերցել է Հայոց Հայրապետի օրհնության խոսքը:
«Աստծո անսահման սիրո դրսևորումն էր արարչագործությունը: Իբրև Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված բանական էակի` Աստված մարդուն զարդարեց Սուրբ Հոգու զանազան շնորհներով և մեծ պատասխանատվություն դրեց նրա վրա` պահապանը դառնալու ողջ արարչագործության, մշտական խնամք և հոգածություն ցուցաբերելու արարչաստեղծ բնության հանդեպ, խելամտորեն և զգուշորեն օգտվելու նաև բնության բարիքներից:… Արդի մարտահրավերներից է բնության պահպանումը աշխարհի և գալիք սերունդների մասին մտահոգությամբ: Ուստի մեծապես կարևոր է մարդու մեջ արթուն պահել բնության հանդեպ Արարչից նրան տրված պատասխանատվությունը` խուսափելու համար երկիր մոլորակին սպառնացող բնապահպանական աղետներից, համատեղ ջանքերով կառուցելու բարօր ու առաջագնա կյանքը համայն մարդկության»,- նշվում է Վեհափառ Հայրապետի խոսքում:
Կոնֆերանսի ընթացքում բանախոսները և ներկաները Սուրբ Գրքի և հայրաբանական ժառանգության տեսանկյուններից անդրադարձան արարչագործության պատմությանը և արդի բնապահպանական խնդիրներին` կարևորելով Եկեղեցիների դերը դրանց հաղթահարման գործում:








































