Սան Ֆրանցիսկոյում քաղցկեղից մահացել է բրիտանացի արդյունաբերական դիզայներ Բիլ Մոգրիջը: Նա 69 տարեկան էր: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Մոգրիջը նախագծել է շարժական Grid Compass համակարգիչը, որը համարվում է ժամանակակից նոթբուքի նախատիպը:
Grid Compass-ը թողարկվել է 1982 թվականին: Այն արժեր 8150 դոլար: Բարձր գնի պատճառով համակարգիչը շարքային սպառողների կողմից չի ունեցել պահանջարկ: Այն գնել են զինվորականներն ու տիեզերական NASA գործակալությունը: 1985 թվականին Grid Compass-ը կիրառություն է գտել Discovery մաքոքում:
Grid Compass-ի դիզայնն արտոնագրվել է: Արտոնագրի սեփականատերն է դարձել Grid Systems ընկերությունը: 1988 թվականին Grid Systems-ը գնվել է Tandy Corporation-ի կողմից:
Grid Compass-ի ստեղծման համար Մոգրիջն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` 2010-ին արքայազն Ֆիլիպի դիզայներական մրցանակին: 1980-ականների սկզբին դիզայները դասավանդել է Ստենֆորդի համալսարանում, իսկ 1991-ին հիմնադրել Ideo խորհրդատվական ընկերությունը: 2010 թվականից նա Նյու Յորքի Դիզայնի ազգային թանգարանի տնօրենն էր:











































