Պակիստանում հորդառատ անձրևների հետևանքով շարունակվող ջրհեղեղների հետևանքով մեկ օրում զոհվել է առնվազն 17 մարդ: Նախնական տվյալներով՝ զոհերի ընդհանուր թիվը հասել է շուրջ 80-ի:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով «Տրիբյուն» թերթը, անձրևները ջրհեղեղներ են առաջացրել Փենջաբ մարզում, որտեղ 7 բնակիչ մնացել է փլատակների տակ: Մարդկային զոհերի մասին տեղեկություններ են հաղորդվում նաև Բելուջիստան և Սինդ մարզերից:
Պակիստանի հյուսիսարևմտյան Հայբեր Փախտունխվա մարզի վարչական կենտրոնում՝ Փեշավար քաղաքում, անձրևների ու հեղեղների հետևանքով փլուզվել են տասնյակ տներ: Ոչնչացվել է հազարավոր հեկտար հողատարածք, մի քանի գյուղեր մեկուսացվել են արտաքին աշխարհից:
Մարզի իշխանություններն արտակարգ իրավիճակ են հայտարարել և փրկարարական աշխատանքներ են իրականացնում՝ բանակային ստորաբաժանումների մասնակցությամբ:
Քաշմիրի պակիստանյան գոտում հեղեղները սողանքներ են առաջացրել, ինչի հետևանքով 15 մարդ անհետ կորել է:








































