«Ես մարդկանց վրա ձեռք բարձրացնելով հարցեր չեմ լուծում»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը:
Մակար Պետրոսյանը հերքեց Արմավիրում ծեծկռտուքի լուրը: Նա նշեց, որ ինքը ՄԱՊ ընկերության տնօրենն է և զբաղված է ընկերության գործունեությամբ, ուստի քաղաքական գործընթացներին մասնակցելու ժամանակ չունի և հավելեց. «Իմ ստացած դաստիարակությունն ինձ թույլ չի տալիս մարդկանց վրա ձեռք բարձրացնելով հարցեր լուծել»:
Նշենք, որ «Առաջին լրատվական»-ը, հղում անելով shamshyan.com-ին, այսօր հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Արմավիրի բաժին Արմավիր բժշկական կենտրոնից հայտնել են, որ Բամբակաշատ գյուղից ծեծված վիճակում, մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել երկու երիտասարդի:
Հիվանդանոցի մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը մոտ տասնյակի հասնող իր ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել Ա. Մելիքյանին և Ա. Սարգսյանին, քանի որ այսօր Բամբակաշատում տեղի ունեցած ավագանու ընտության ժամանակ պաշտպանել են ոչ ցանկալի թեկնածուին:











































