ՀՀ կրթության և գիտության նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահի պաշտոնակատար Արտյուշա Ղուկասյանը, որը 2002 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. սեպտեմբերը եղել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ներկայացրեց ԲՈՀ-ի կողմից փոփոխված որոշ չափորոշիչներ:
Ըստ այդմ` հստակեցվել է թեմաների հաստատման կարգը: Ասպիրանտների ու հայցորդների թեմաները հաստատելու համար բուհերի համապատասխան կառույցները տվյալ մասնագիտության գծով պետք է ունենան առնվազն 1 դոկտոր և 2 գիտությունների թեկնածու: www.boh.am կայքում տեղադրված է այս նոր կարգի հիման վրա թեմաներ հաստատող հիմնարկների նորացված ցանկը:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ատենախոսությունների պաշտպանության համար ներկայացվող պահանջներին: «Թեկնածուական ատենախոսության պաշտպանության համար հայցորդը պետք է ունենա առնվազն 3 գիտական հոդված, այդ թվում` 1-ը առանց համահեղինակի: Այս նորմը երկար ժամանակ կար, բայց որպես կանոնակարգ հաստատվեց 2010 թ. հոկտեմբերի 21-ին»,- ասաց Ա. Ղուկասյանը:
Մի փոքր խստացվել են դոկտորական ատենախոսությունների համար ներկայացվող պահանջները: «Այսուհետ պահանջվում է 20 գիտական հոդված, այդ թվում 5-ը` օտարերկրյա պետություններում տպագրվող գրախոսվող գիտական հրատարակություններում: Նախկինում «օտարերկրյա պետությունների» փոխարեն գրված էր «միջազգային գիտական հրատարակություններում» տպագրվող: Բայց ՀՀ-ում կային հայտարարված միջազգային գիտական հանդեսներ, որոնց գոյությունն այնքան էլ հիմնավորված չէր»,- ասում է Ա. Ղուկասյանը:
Որոշ փոփոխություններ ու հստակեցումներ են կատարվել նաև մասնագիտական խորհուրդների ձևավորման կարգում: «Մասնագիտական խորհուրդներում կարող են ընդգրկվել գիտության այն դոկտորները, որոնք որ վերջին 5 տարում ունեն տպագրված առնվազն 5 հոդված, կամ իրենց ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական ատենախոսություն: Սա էլ է նոր պահանջ»,- ասաց ԲՈՀ-ի ղեկավարը:
Հաստատվել է նաև այն հրատարակությունների ցանկը, որոնք համարվում են գիտական: Արդյունքում, ըստ Ա. Ղուկասյանի, դուրս են մնացել 13 հանդեսներ, գիտական են համարվել մի քանի ուրիշ հանդեսներ: Այս ցանկը, ըստ Ա. Ղուկասյանի, ամեն տարի պետք է վերանայվի:









































