Էջմիածին քաղաքում ընտրությունները բավականին հանդարտ էին ընթանում: Հավանաբար պատճառն այն էր, որ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, չուներ մրցակից: Ճիշտ է, քվեաթերթիկում Կ.Գրիգորյանի հետ կա Արմինե Հովհաննիսյան անուն-ազգանունը, սակայն կարծիք կա, որ նրան գործող քաղաքապետն է առաջադրել իր համար «արդար մրցակցություն» ապահովելու համար:
«Առաջին լրատվականն» այսօր Էջմիածնում չգտավ Ա.Հովհաննիսյանի որևէ նախընտրական շտաբ: Փորձեցինք ճշտել, թե ընտրատեղամասերում նա գոնե ներկայացուցիչ ունի՞: Քաղաքի կենտրոնում գտնվող մի քանի ընտրատեղամասերում տեղեկացրին, որ այդ թեկնածուն չունի որևէ վստահված անձ կամ այլ կարգի ներկայացուցիչ: Եվ ընդհանրապես Էջմիածնում որևէ մեկը նրան չէր ճանաչում:
Փորձեցինք խոսել Ա.Հովհաննիսյանի հետ, նա սկզբում պատասխանեց մեր հեռախոսազանգին, բայց երբ լսեց, որ զանգահարողը լրագրող է, անջատեց ու դարձավ անհասանելի:
Իսկ Կ.Գրիգորյանի շտաբը տեղակայված էր Էջմիածնի կենտրոնական հատվածում՝ քաղաքապետարանին կից: Այնտեղ բավականին հանգիստ մթնոլորտ էր, կարծես թե ոչ թե ընտրական, այլ տոնական միջոցառման էին մասնակցում: Կ.Գրիգորյանի շտաբի պետը գեներալ Սեյրան Սարոյանն է, բայց նա այդ պահին շտաբում չէր: Շտաբում չէր նաև Մ.Գրիգորյանը: «Ինչ-որ տեղից հսկում են ընտրությունները»,- տեղեկացրեցին շտաբից: Իսկ շտաբի շրջակայքում ու ընդհանրապես Էջմիածնի կենտրոնական հատվածում իշխում էին Գրիգորյանների ու Սարոյանների 045 և 777 թվերը պարունակող համարանիշերով բազմաթիվ ջիփեր ու այլ մեքենաներ: Իսկ Կ.Գրիգորյանի շտաբի շրջակայքում հավաքված մարդիկ հավատացնում էին, որ էջմիածինցիներն ամեն դեպքում ընտրելու են գործող քաղաքապետին, քանի որ նրան «ընդունում և սիրում են»: Կ.Գրիգորյանն էլ իր հերթին «գործ է անում քաղաքի համար»:
Իսկ ընտրատեղամասերից դուրս եկող բազմաթիվ էջմիածինցիներ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին, որ ընտրում են Կ.Գրիգորյանին, քանի որ այլ թեկնածու չկա: Եվ եթե նույնիսկ չընտրեն էլ, միևնույնն է, նա է դառնալու քաղաքապետ: Իհարկե, կային նաև շատ մարդիկ, ովքեր ասում էին, թե քաղաքապետի պաշտոնում ցանկանում են նորից Կ.Գրիգորյանին տեսնել: Հիշեցնենք, որ 4 տարի առաջ, երբ Կ.Գրիգորյանն առաջին անգամ էր առաջադրվում, կարծիք կար, որ նա ընտրություններում հաղթեց իշխանությունների ոչ բացահայտ աջակցության շնորհիվ: Այսինքն՝ իշխանությունները Մ.Գրիգորյանին խոստացել են, որ նրա որդին կհաղթի, քանի որ գեներալը 2008թ. նախագահական ընտրություններում մինչև վերջ չսատարեց ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Թեև մյուս կողմից էլ այդ ընտրությունների ժամանակ բավականին թեժ պայքար էր ընթանում Կ.Գրիգորյանի և ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտի միջև: Վերջինս այս անգամ նույնպես առաջադրվելու ցանկություն ուներ, սակայն շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Մ.Գրիգորյանն ու իր մերձավորները նրան ստիպել են չառաջադրվել: Այսինքն՝ Էջմիածնում ընտրապայքար չկա, և Կ.Գրիգորյանը կվերընտրվի: Վերջինս այսօր համաձայնեց պատասխանել մեր մի քանի հարցերին:
– Էջմիածնում ասում են, որ Ա.Հովհաննիսյանին իրականում Դուք եք առաջադրել, որ Ձեզ համար մրցակցության տպավորություն ստեղծի:
– Նա շատ նորմալ մրցակից է, դեմքով չեմ ճանաչում, մի քանի անգամ լսել եմ նրա արտահայտությունները: Նրա մասին շատ նորմալ կարծիք ունեմ: Իսկ թե ինչու է առաջադրվել, այդ հարցը կարող եք իրեն տալ: Ես կարող եմ միայն ինձ առաջադրել և իմ փոխարեն պատասխանել:
– Չե՞ք վախենում, որ նա Ձեզ «կհաղթի»:
– Ես Աստծուց եմ վախենում
– Կարծիք կա, որ Դուք ձեր համախոհներով ու լծակներով ճնշել եք Հակոբ Հակոբյանին, որ չառաջադրվի:
– Մի քանի ամիս առաջ ԱԺ ընտրություններին նա նույն կերպ առաջադրվել էր գեներալ Սարոյանի դեմ, և ինձ չի թվում, որ որևէ ճնշում կարող էր իրեն չթողնել առաջադրվել: Հավանաբար տեսավ, թե ինչ ձայներ հավաքեց ու չառաջադրվեց:
– Կարծիք կա, որ Ձեր հայրն ու Ս.Սարոյանն են ստիպել, որ նա չառաջադրվի:
– Ես շատ գոհ եմ ու Աստծուց շնորհակալ եմ, որ իմ հոր նման ծնող ունեմ: Դա ամենամեծ պարգևն է, որ հայրս իր խորհուրդներով ու ամեն ինչով փորձում է ինձ օգտակար լինել, բայց ոչ միջամտել, ինչը որ դուք փորձում եք տեսնել:









































