Օդանավը, որով նախընտրական շրջագայության շրջանակում օգտվում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին, տեխնիկական թերությունների պատճառով չի կարողացել թռչելՎիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի օդանավակայանից: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ռոմնին, նրա նախընտրական շտաբի աշխատակիցներն ու ուղեկցող լրագրողները ստիպված են եղել այլ օդանավով վերադառնալ Մասաչուսեթս, որտեղ ապրում է նախագահի թեկնածուն: Ռոմնիի մամլո ծառայությունը հաստատել է օդանավը փոխելու մասին լուրը, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ խնդիրներ են խոչընդոտել թռիչքին: Ռիչմոնդում Ռոմնին անցկացրել է նախընտրական միջոցառում` նվիրված NASCAR ավտոարշավին:
MD-83 օդանավը, որի վրա գրված է Ռոմնիի նախընտրական արշավի կարգախոսը` Believe in America, հանրությանը ներկայացվել է օգոստոսի 31-ին, անմիջապես այն բանից հետո, երբ Ռոմնին պաշտոնապես դարձավ Հանրապետական կուսակցության թեկնածու: Մինչ այդ նա նախընտրական արշավի շրջանակում շրջագայություններն իրականացնում էր վարձակալած օդանավով:
Նման թռիչքներից մեկի ժամանակ CBS News-ի լրագրողը զուգարանում ատրճանակ էր հայտնաբերել: Զենքը պատկանում էր Ռոմնիի անվտանգությունն ապահովող գաղտնի ծառայությունների գործակալին: ԶԼՄ-ների տվյալներով` միջադեպից հետո գործակալին հեռացրել են նախագահի թեկնածուի անվտանգությունն ապահովելու պարտականություններից:









































