Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, որը այսօր «Փաստարկ» ակումբի հյուրն էր, հայտարարեց. «Հայաստանում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, աննախադեպ սրացում կա, և որ ամենակարևորն է` դա բերել է քաղաքական տրամադրությունների այնպիսի արմատականացման, ինչը, կարծում եմ, Հայաստանում երբեք չի եղել»:
Լ. Զուրաբյանը կարևորեց հեղափոխությունների, տարբեր տեսակի բռնապետություններից ազատվելու շղթան, որի ակնատեսն է այսօր ողջ աշխարհը. «Մենք տեսնում ենք, որ այս իրադարձությունները ստեղծել են նոր միջազգային ֆոն, երբ վերջին տարիներին առաջին անգամ միջազգային հանրությունը կարծես սկսում է հասկանալ, որ մարդասպան բռնապետները, սեփական ժողովրդի դեմ ուժ կիրառող ղեկավարները այսօր տեղ չունեն աշխարհում: Դրա լավագույն օրինակը Լիբիայում կատարվող իրադարձություններն են: Եվ մենք տեսնում ենք, որ վերջապես միջազգային հանրությունը ադեկվատ գնահատական է տալիս սեփական ժողովրդի դեմ բռնությունների իրագործմանը»:
Լ. Զուրաբյանը ցավով փաստեց, որ միջազգային հանրության կողմից նույն համերաշխությունը չեղավ 2008 մարտի 1-ին. «Աշխարհը այն ժամանակ քնած էր և գերադասեց աչք փակել փոքրիկ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Փառք Աստծո, սա հաղթահարվում է, աշխարհը հասկանում է, որ Քադաֆիի կամ Քոչարյանի նման մարդիկ պետք է ավարտեն իրենց կյանքը Հաագայի քրեական դատարանների կողմից կատարված վճիռների սահմաններում, և սա իսկապես լավ զարգացում է, որը նոր հնարավորություններ է ստեղծում մեր համաժողովրդական շարժման համար»:








































