Նիգերի իշխանությունները Սաադի Քադաֆիին` Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի որդուն, թույլ են տվել լքել երկիրը, ուրբաթ օրը հաղորդել է Assiated Press գործակալությունը՝ հղում անելով փաստաբան Նիկ Քաուֆմանին, որը ներկայացնում է Սաադիի շահերը:
«Նա երկիրը լքելու թույլտվություն է ստացել Նիգերի ԱԳ նախարարի կողմից»,- ասել է Քաուֆմանը: Ինչպես հաղորդում է գործակալությունը, դա նշանակում է, որ Քադաֆի-կրտսերը կարող է գնալ այն երկիր, որը կհամաձայնի նրան ընդունել:
Սաադի Քադաֆին Լիբիայից Նիգեր է փախել 2011 թվականի սեպտեմբերի կեսերին: Ավելի ուշ այդ աֆրիկյան երկրի իշխանությունները «մարդասիրական նկատառումներից ելնելով» 38-ամյա երիտասարդին ապաստան տրամադրեցին: Այս տարվա փետրվարին նա տնային կալանքի ենթարկվեց Մուամար Քադաֆիի տապալումից հետո լիբիական պետության իրավիճակի մասին մամուլում հանդես գալու պատճառով: Լիբիայի կառավարությունը Նիգերին կոչ էր արել նախկին նախագահի որդուն արտահանձնել:











































