ԼՂ անկախության ճանաչումը այն ճանապարհն է, որը հնարավորություն կտա պաշտպանել ՀՀ շահը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը:
Ըստ նրա՝ ՀՀ-ն պետք է գործնական քայլերի անցնի, քանի որ գործ ունենք ռասիզմ, հայատյացություն և ազգային անվտանգություն երևույթների հետ: Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ այն, ինչ կատարվեց Բաքվում, ցույց է տալիս, որ ի դեմս Ադրբեջանի՝ ունենք մի պետություն, որը մինչև այժմ թշնամական վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, ունենք մի իրավիճակ, որտեղ մեր ֆիզիկական գոյությունը վտանգի տակ է, Ադրբեջանը ցանկություն ունի ֆիզիկապես ոչնչացնել հայերին, ինչպես եղավ Սումգայիթում և այլ տեղերում: «Այն քայլերը, որոնք պետք է իրականացվեն, պետք է բխեն այս խնդրից, մենք պետք է համագործակցենք տարբեր պետությունների հետ տարբեր ֆորմատներով, պետք է լինենք աշխարհում անվտանգություն արտադրող»,- նկատեց բանախոսը:
Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին արձագանքին՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու վերաբերյալ՝ Ա. Մարտիրոսյանն ասաց, որ համաձայն է նախագահի բարձր նոտայի հետ, որովհետև այն ադեկվատ էր ստեղծված իրավիճակում։ Հայտարարությունները, որոնք հետևեցին նախագահի հայտարարությանը, խմբերի կարելի է բաժանել. հայտարարություններ, որոնք լղոզվածություն ունեին, հայտարարություններ, որոնք խիստ էին:
«ԼՂՀ անկախության ճանաչումը այն ճանապարհն էր, որը հնարավորություն էր տալու պաշտպանել ՀՀ շահը։ ԼՂ անկախության ճանաչումը կսկսեր ԼՂ միջազգային ճանաչման գործընթացը»,- նման տեսակետ հայտնեց Արմեն Մարտիրոսյանը:







































