Նախորդ շաբաթ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայից հետո բազմաթիվ գերատեսչություններ, հետևելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրինակին, դադարեցրին իրենց համագործակցությունը հունգարական գերատեսչությունների և կառույցների հետ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակին անդրադարձավ մշակութաբան Վարդան Ջալոյանը: Նա նշեց, որ քաղաքական տեսակետից դրանք արդյունավետ չեն, որովհետև նման հայտարարությունները քաղաքական նշանակություն չունեն: Սակայն, ըստ Վ. Ջալոյանի, դրանք արդյունավետ են, քանզի զոհերի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելը միշտ էլ մարդկայնորեն կարևոր նշանակություն ունի, թեև ոչ քաղաքական առումով:
«Բացի պետական կառույցներից, որոնք արտահայտում են երկրի ընդհանուր քաղաքականությունը, կան նաև կառույցներ, որոնցից յուրաքանչյուրն ունի այնպիսի դիրքորոշում, որը տարբերվում է նախագահի տեսակետից: Այս կազմակերպություններն ազատ են իրենց դիրքորոշումը արտահայտելու հարցում»,- նկատեց Վարդան Ջալոյանը:











































