Անգլիայի դատարանն ազատ է արձակել բանվորին, ով մեղավոր է ճանաչվել մի քանի կողոպուտ կատարելու մեջ, գրում է The Times-ը: Դատավորը համարել է, որ կողոպտիչի բանտ նստելը ոչ ոքի օգուտ չի բերի:
Հյուսիսային Յորքշիրի 26-ամյա բնակիչ Ռիչարդ Ռոչֆորդը խոստովանել է իր մեղքը երկու կողոպուտներում, պատմել է ևս մեկի մասին, նաև գողության փորձի: Ավելի վաղ հրդեհ կազմակերպելու համար 3 տարի բանտում անցկացրած Ռոչֆորդը հայտարարել է, որ բանտարկությունն իրեն չի օգնել, ընդհակառակը` այդ ընթացքում նա թմրամոլ է դարձել:
Դատավորը Ռոչֆորդին գովել է, որ փետրվարին կատարած կողոպուտներից հետո նա կարողացել է հրաժարվել թմրադեղերից` նշելով, որ նման բան շատ հազվադեպ է լինում:
Երկուսուկես տարի ազատազրկման փոխարեն Ռոչֆորդը պատժվել է երկու տարի պայմանական կալանքով և 200 ժամ հարկադիր աշխատանքով, ինչպես նաև մեկ տարով զրկվել է վարորդական իրավունքից:









































