Ավգուստո Պինոչետի կառավարման տարիներին Չիլիի գաղտնի ոստիկանությունը գլխավորած Մանուել Կոնտրերասին դատարանը դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ ընդդիմադիր ակտիվիստի սպանության համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, նույն սպանության համար դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել գաղտնի ոստիկանության ևս 4 սպայի:
Ձախ հեղափոխական շարժման կողմնակից 23-ամյա Ռամոն Մարտինեսը վիրավորվել է 1975 թ. հունվարի 6-ին ձերբակալության ժամանակ և մահացել բանտում խոշտանգումներից հետո:
83-ամյա Կոնտրերասն արդեն դատապարտված է մի քանի այլ հանցագործությունների համար: Ընդհանուր առմամբ, նա դատապարտված է ավելի քան 200 տարվա ազատազրկման և երկու ցմահ ազատազրկումների:
Կոնտրերասը ձերբակալվել է 2008 թ. մայիսին՝ Պինոչետի տասնյակ այլ համախոհների հետ:
Չիլիի խունտայի գործողությունների արդյունքում տուժածների ընդհանուր թիվը, 2011 թ. օգոստոսի տվյալներով, կազմում է 40 հազար մարդ, նրանցից ավելի քան 3000-ը սպանվել են կամ համարվում են անհետ կորած:
1973 թ. ռազմական հեղաշրջման ընթացքում իշխանության եկած Պինոչետը պետության նախագահ է եղել մինչև 1990 թ. և մահացել 2006 թ.՝ այդպես էլ չկանգնելով արդարադատության առաջ:











































