Մասնավոր այցով Մոսկվայում գտնվող Պակիստանի միջգերատեսչական հետախուզության նախկին ղեկավար, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Ասադ Դուրանին պատմել է, որ Պակիստանը ատոմային ռումբ է ստեղծել Հնդկաստանի «ծածկի» տակ:
«Պակիստանը գործել է Հնդկաստանի ծածկի տակ, և այդպիսով այդ ծրագիրը շարունակվել է»,- ասել է Դուրանին՝ ելույթ ունենալով Մոսկվայում:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, նրա խոսքերով՝ Պակիստանի միջուկային զենքը մշակվել է Պակիստանում, սակայն «դրա փորձարկումը պետք է իրականացվեր Հնդկաստանի նմանատիպ փորձարկումից հետո»:
Պատասխանելով Իսրայելի միջուկային ծրագրի վերաբերյալ հարցին՝ Դուրանին պատասխանել է, որ դա «ԱՄՆ-ի ներքին հարցն է»:
Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին, Դուրանին ընդգծել է, որ «դա հատուկ դեպք է»: «Առաջին հերթին, դա կապված է միջազգային գործոնի, իսկ հետո՝ Իսրայելի հետ»,- նշել է գեներալը:
Նրա խոսքերով՝ վերջին տարիներին Իրանը քայլեր է ձեռնարկել այդ հարցն Արևմուտքի հետ կարգավորելու համար, «սակայն դրանք մերժվել են»:
Դուրանին նաև հայտնել է, որ Աֆղանստանից Անվտանգության համագործակցության միջազգային ուժերի դուրսբերումից հետո ԱՄՆ-ը կարող է թողնել իր բազաները երկրի առանցքային շրջաններում: Նրա տեղեկություններով՝ ԱՄՆ-ը տարեկան 150 մլն դոլար են վճարում «Թալիբան»-ի ներկայացուցիչներին՝ իրենց շարասյուների անվտանգությունն ապահովելու համար:











































