Հունաստանում ոստիկանները հինգշաբթի արգելափակել է Աթենքի ոստիկանության դպրոցի դարպասները՝ որպես բողոքի նշան իրենց աշխատավարձերի կրճատման դեմ, և չեն թույլատրում իրենց գործընկերներին գնալ Սալոնիկ՝ համաշխարհային հայտնի միջազգային ցուցահանդեսում կարգ պահպանելու համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Ակցիային մասնակցում է շուրջ 50 իրավապահ, որոնք ոստիկանական արհմիության անդամներ են:
Դպրոցի ղեկավարությունը փորձում է բացել երկրորդ դարպասները, սակայն ցուցարարները հայտարարում են, որ թույլ չեն տա՝ ավտոբուսները դուրս գան ուսումնական հաստատության տարածքից: Նրանց խոսքերով, պետական ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում աշխատավարձերի իջեցման հետևանքով իրենց ծանր նյութական վիճակն ավելի կվատթարանա:
«Ոստիկաններն իրենց խաբված են զգում: Մենք չենք կարող շարունակել ծառայությունն այս պայմաններում»,- լրագրողներին հայտնել է ոստիկանական ասոցիացիայի ղեկավար Քրիստոս Ֆոտոպուլոսը:
Իրավապահ մարմինների աշխատակիցները երկրի վարչապետ Անտոնիս Սամարասից պահանջում են իրականացնել նախընտրական խոստումները:
Օրվա երկրորդ կեսին ոստիկանության արհմիությունների ներկայացուցիչները պատրաստվում են հավաքվել Աթենքի Կալիմարմարո մարզադաշտում: