ՀՀ նախագահական նստավայրի մոտ ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի անդամները սպասում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին` հայտնելու իրենց բողոքը և պահանջը Ռամիր Սաֆարովի արտահանձնման (էքստրադիցիա) վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջանային այցով պետք է լիներ Հայաստանում և հանդիպումներ ունենար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի և ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հետ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի ղեկավար Սարգիս Մկրտչյանը նշեց, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման առնչությամբ ՆԱՏՕ-ն ևս ունի իր պարտավորությունը, քանի որ հայազգի սպա Գուրգեն Մարգարյանը Սաֆարովի կողմից սպանվել էր ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում, ուստի, ըստ նրա, ՆԱՏՕ-ն պետք է հետևողական լիներ, որպեսզի ոճրագործը չհայտնվեր ազատության մեջ: Սարգիս Մկրտչյանի կարծիքով՝ այս 8 տարիների ընթացքում ևս ՆԱՏՕ-ն պետք է անվտանգության երաշխիքներ ապահովեր այն հայերի համար, ովքեր ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում դասընթացներ են անցնում ադրբեջանցիների հետ մեկտեղ:
«Ես կարծում եմ, որ Հունգարիայի դատարանից ևս պետք է պահանջել, քանի որ նա ազատազրկման է դատապարտվել հունգարական դատարանում, իսկ արդյունքում Ադրբեջանում հայտնվել է ազատության մեջ»,- նկատեց Սարգիս Մկրտչյանը:
Բաղրամյան 26-ը այս պահին ավելի ու ավելի մարդաշատ է դառնում, ներկաները սպասում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցին նախագահական նստավայր:









































