ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը Բարաք Օբամային պաշտոնապես առաջադրել է որպես Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու` երկրորդ ժամկետի համար: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Նախագահի պաշտոնում Օբամայի առաջադրումը տեղի է ունեցել Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոտ քաղաքում անցկացվող Դեմոկրատական կուսակցության համագումարի երկրորդ օրը: Համագումարի հանգուցալուծումը տեղի կունենա հինգշաբթի, երբ Օբաման պաշտոնապես կհայտնի երկրորդ 4-ամյա ժամկետի համար նախագահական պայքարին մասնակցելուն իր համաձայնությունը: Փոխնախագահի պաշտոնում կրկին կառաջադրվի Ջո Բայդենը:
Անցած շաբաթ տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության համագումարը, որի ընթացքում Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին պաշտոնապես տվել է իր համաձայնությունը` նախագահի պաշտոնի համար մասնակցելու ընտրություններին:
ԱՄՆ 57-րդ նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 6-ին: