Փետրվարի 23-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին կից կոլեգիայի նիստի քննարկմանն առաջին անգամ մանրամասն ներկայացվեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերության 2011 թվականի ներդրումային ծախսային ծրագիրը, ինչպես նաև այս տարի իրականացվելիք ուղևորափոխադրումների նվազագույն ծավալներն և ուղղությունները: Այս մասին ասվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության այսօր տարածած հաղորդագրությունում:
Կոլեգիայի նիստի ընթացքում հավանություն է տրվել ՀԿԵ-ի կողմից այս տարի իրականացվելիք ուղևորափոխադրումների նվազագույն ծավալներին և ուղղություններին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը մանրամասն ներկայացնելով հարցը` նշեց, որ ուղևորափոխադրումների բնագավառում ՀԿԵ-ն պետք է մշակի տնտեսական ճկուն քաղաքականություն և վերանայի ուղերթների ուղղությունների ընտրության քաղաքականությունը, որը նպատակաուղղված կլինի պահանջարկի բավարարմանը և ուղևորափոխադրումներից ստացված վնասի կրճատմանը:











































