Իտալիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները հայտարարում են, որ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո անհրաժեշտ է լայնածավալ մարդասիրական օգնություն տրամադրել Սիրիային և զբաղվել նրա վերակառուցմամբ: Այս մասին գրում է La Stampa թերթի հոդվածագիր Անտոնելա Ռամպինոն:
«Սիրիայում քաղաքացիական պատերազմի արդյունքում ալաուիական վարչակարգի տապալումից հետո հումանիտար միջամտության սուր անհրաժեշտություն կառաջանա: Անհրաժեշտ է նաև պատրաստվել երկրի պետական և տնտեսական վերակառուցմանը: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը և Իտալիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ջուլիո Տերցին իրենց եվրոպացի գործընկերոջը՝ Էշթոնին նամակ են հղել, որում ասվում է, որ ԵՄ-ը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Սիրիայի դեմ: Այն (նամակը.- 1in.am) կհրապարակվի երկու օր հետո Կիպրոսում կայանալիք ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը»,- գրում է պարբերականը:
«Նամակի հեղինակները համոզված են, որ արդեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում արտգործնախարարների հանդիպմանը Եվրոպան պետք է ամուր դիրքորոշում զբաղեցնի Սիրիայի հարցում: Սիրիական թեման քննարկվել է նաև Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպմանը Հռոմում: Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել է, որ «Սիրիայում անհրաժեշտ է ստեղծել Ասադի կլանին այլընտրանքային կառավարություն»: Այլ խոսքերով՝ անհրաժեշտ է պատրաստվել Ասադից հետո եկող ժամանակաշրջանին: Սիրիայի ընդդիմությունը երեկ հայտարարել է, որ սեպտեմբերի 12-ին Դամասկոսում նախատեսվում է «Սիրիայի փրկության» կոնֆերանս»,- գրում է հոդվածագիրը:
«Իտալացիները և ֆրանսիացիները հանդես են գալիս նախաձեռնությամբ, քանի որ մտավախություն ունեն, որ Սիրիայում պատերազմը, որը ծանրության կենտրոն է Թուրքիայի, Լիբանանի, Իրաքի, Իսրայելի, Հորդանանի և պաղեստինյան տարածքների միջև, կարող է հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի վրա: Բացի այդ, այդ պատերազմը կարող է պայթուցիկ դառնալ սուննիների և շիաների, քրդերի և թուրքերի միջև պատմական հակամարտության համար»,- ասվում է հոդվածում:
«Սիրիայի հարցով միջազգային «Գործողությունների խումբը» հայտարարում է, որ ալաուիական վարչակարգը դատապարտված է: Սակայն դժվար է կանխատեսել երբ և ինչպես տեղի կունենա այդ կործանումը: Բայց այն փաստը, որ Սիրիայի ընդդիմությունը վերահսկում է երկրի տարածքների մեծ մասը, իսկ զինվորական և «քաղաքական» դասալիքների թիվն օրեցօր ավելանում է, վկայում է այն մասին, որ գործընթացն անդառնալի է և անհնար է վերադառնալ 18 ամիս առաջ՝ նախքան պատերազմը, եղած ստատուս քվոյին»,- եզրափակում է հոդվածագիրը:







































