Դիլիջանի «Իմպուլս»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Շիրակի» հետ խաղը բարձրագույն խմբում «Իմպուլսի» մարզաշապիկով Վահագն Այվազյանի 55-րդ հանդիպումն էր: Նա դարձավ ՀՀ առաջնություններում «Իմպուլսում» անցկացրած խաղերի քանակով թիմի ռեկորդակիրը՝ գերազանցելով Զավեն Բադոյանի ռեկորդը: Վերջինս 2010-2011թթ. «Իմպուլսի» կազմում 54 խաղի էր մասնակցել:
Երբ 2010թ. «Իմպուլսը» նորամուտը նշեց բարձրագույն խմբում, թիմի կազմում բոլորից շատ՝ 27-ական հանդիպումներ անցկացրին Զավեն Բադոյանը, Արթուր Պետրոսյանն ու Ավետիք Կիրակոսյանը: Հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո թիմի ռեկորդակիր դարձավ Բադոյանը՝ խաղերի թիվը հասցնելով 54-ի:
20-ամյա Վահագն Այվազյանը բարձրագույն խմբում «Իմպուլսում» հանդես է գալիս 2010թ.-ից: Թիմի կազմում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է 2010թ. մարտի 27-ին’ «Ուլիսի» հետ խաղի 56-րդ րոպեին փոխարինելով Գևորգ Նռանյանին: Այդ տարի երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցեց 17 խաղի: Հաջորդ մրցաշրջանում նա խաղադաշտ դուրս եկավ 18 անգամ:
Ընթացիկ առաջնությունում Այվազյանն «Իմպուլսի» առաջատար ֆուտբոլիստներից մեկն է ու մասնակցել է թիմի անցկացրած 21 հանդիպումներից 20-ին:







































