Մինչ ուսումնական տարվա մեկնարկը պաշտոնյաները բազմիցս հայտարարեցին, որ կրտսեր դպրոցի բոլոր դասագրքերն աշակերտներեին տրամադրվելու են անվճար: Այժմ այդ գործընթացի՝ գրքեր բաժանելու բուռն շրջանն է: Սակայն, ինչպես «Առաջին լրատվական»-ին ահազանգեցին տարրական դասարանների աշակերտների ծնողներ, մայրաքաղաքի որոշ դպրոցներում գրքերի սուր պակաս կա. չեն բավականացրել հայերենի, ռուսերենի, մաթեմատիկայի, շրջակա միջավայրի դասագրքերը: Ուսուցիչները ստիպված են եղել 2, երբեմն նույնիսկ 3 աշակերտների 1 գիրք տրամադրել:
Իրավիճակը պարզելու համար դիմեցինք ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին: Նա հայտնեց, որ բոլոր առաջին դասարանցիներին այբբենարանները և մաթեմատիկայի դասագրքերը տրվել են, իսկ մնացած գրքերը դեռ բաժանվում են: Նա նշեց, որ դրանք բոլորը չեն կարող նոր լինել, քանի որ անցած տարվա դասագրքերը ևս գործողության մեջ են:
Որոշ դպրոցներում գրքերի սղությունը, ըստ Ն. Հովհաննիսյանի, բացատրվում է նրանով, որ մի տեղ քիչ են լինում դասագրքերը, մի դպրոցում ավելցուկ է մնում՝ կախված աշակերտների թվից, և ինչ-որ ժամանակի ընթացքում պետք է կարգավորեն խնդիրը:
«Առաջին 2 շաբաթվա ընթացքում այդ հարցը կլուծվի և բոլոր երեխաները կունենան դասագրքեր: Մնացորդով և պատվերներով երեխաների թվին հավասար քանակությամբ գրքեր են տպվել»,- հավաստիացրեց Ն. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ահազանգերի հետ կապված կզբաղվեն, կապ կհաստատեն տնօրենների հետ: Կարիք չկա, որ ծնողներն անհանգստանան:








































