Queen խմբի մահացած առաջատար Ֆրեդի Մերկուրին դարձել է Angry Birds-ի հերոս: Զայրացած թռչունների մասին հանրահայտ խաղի ստեղծողը Rovio ստուդիան է, որը երգչին կերպարանավորել է սպիտակ շապիկով դեղին թռչնի տեսքով, բեղերով և թագը գլխին, գրում է The Daily Telegraph-ը:
Ֆրեդիի կերպարով թռչունը հայտնվել է կարճ մուլտիպլիկացիոն տեսանյութում, որը Rovio-ն պատրաստել է սեպտեմբերի 5-ի` երգչի ծննդյան օրվա կապակցությամբ, երբ անցկացվում է ամենամյա Freddie For A Day բարեգործական ակցիան:
Տեսահոլովակում երևում է, թե ինչպես է դեղին թռչունը հեծանվով գնում և հանդիպում կանաչ խոզին: Ըստ սյուժեի` խոզերը թռչունների թշնամիներն են, քանի որ գողանում են նրանց ձվերը: Տեսանյութում հնչում է Bicycle Race երգը Queen- ի Jazz ալբոմից:
Freddie For A Day-ը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Լոնդոնում: Միջոցառմանը հավաքված գումարը նախատեսվում է փոխանցել ՁԻԱՀ-ով հիվանդներին:












































