ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել էր Գյումրի: Նախագահը հանրապետության երկրորդ քաղաքում մասնակցել է բազմապրոֆիլ հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությանը: Բացման արարողությունից հետո հյուրերը շրջել են հիվանդանոցում: Իսկ հավաքված գյումրեցիներին ու բուժաշխատողներին այդպես էլ չշնորհավորեց երկրի նախագահը:
Բժշկական կենտրոնից հետո Ավստրիական մանկական հիվանդանոցում նրանք հետևել են ծննդաբերական բլոկի շինարարական աշխատանքներին, իսկ վերջում Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել միայն իր հետ մայրաքաղաքից եկած լրատվամիջոցներին. Գյումրիում աշխատող լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին Սերժ Սարգսյանը չի ցանկացել պատասխանել: Հանդիպման ամբողջ ժամանակաընթացքում հիացմունք էր ապրում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Ինչպես նկատեցին հանդիպմանը ներկա բուժաշխատողները` «Աշխարհի տակը էլ լավ բան չմնաց, որ չասեն նախագահին, պաշտոն ստանալը ինչ կենե, է, մարդուն»:
Նշենք, որ նախագահի այցի մասին տեղի լրատվամիջոցներին հայտնել էին Շիրակի մարզպետարանից, սակայն հիշյալ կառույցի աշխատակիցները այդպես էլ չկարողացան ապահովել իրենց մարզի լրագրողների բնականոն աշխատանքը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































