Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատրաստ է մինչև նախագահական ընտրությունների ավարտը Իրանի վրա չհարձակվելու դիմաց Իսրայելին հատկացնել գերժամանակակից լիցքավորիչ ինքնաթիռներ ու ռումբեր:
Այդ գործարքի շրջանակներում Իսրայելը պետք է ստանա այն, ինչն ԱՄՆ-ը ցայժմ հրաժարվել է տրամադրել՝ գերժամանակակից լիցքավորիչ ինքնաթիռներ ու ռումբեր, որոնք ունակ են ոչնչացնել ստորգետնյա ամրությունները:
Դրա դիմաց Իսրայելը պետք է երաշխավորի, որ ծայրահեղ դեպքում մինչև նոյեմբերի 6-ը հարվածներ չի հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին: Ուշագրավ է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Իսրայելին աջակցել հարվածներ հասցնելու հարցում՝ հատկացնելով այն, ինչն անհրաժեշտ է դրանց համար: Թիրախների հեռու լինելը պահանջում է օդում լիցքավորում, իսկ ստորգետնյա ամրությունները համարվում էին հիմնական բարդությունը, առանց որի հաղթահարման անհնար կամ էլ քիչ արդյունավետ կլիներ օպերացիայի անցկացումը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ նշվում էր, թե ԱՄՆ-ը գաղտնի առաջարկ էր արել Իրանին, որում ասվում էր, որ ԱՄՆ-ի կառավարությունը չի աջակցում Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու Իսրայելի մտադրությանը, ինչի համար էլ Իրանը պետք է հրաժարվի Մերձավոր Արևելքում առկա ամերիկյան ռազմաբազաներին հարվածելու մտադրությունից:











































