2011 թ. մայիսին «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա Բեն Լադենի չեզոքացման մասին հատուկջոկատայիններից մեկի գիրքը բեսթսելլեր է դարձել Amazon օնլայն-ռիթեյլերում: Ինչպես հետևում է ինտերնետ-խանութի բեսթսելլերների ցուցակից, մինչև երեքշաբթի այդ գիրքն իր հայտնիությամբ շրջանցել է Fifty Shades էրոտիկ վեպին:
Ակնկալվում է, որ երեքշաբթի «Դժվար օր» (No Easy Day) գիրքը պետք է հայտնվի ամերիկյան խանութների ցուցափեղկերին: Սկզբնապես գրքի վաճառքը նախատեսվում էր սեպտեմբերի 11-ին: Սակայն մեծ պահանջարկի պատճառով դա տեղի կունենա ավելի շուտ:
Իր գրքում Մարկ Օուեն կեղծանունով հեղինակը հերքում է Բեն Լադենի մահից հետո ԶԼՄ-ներում տեղ գտած բազմաթիվ տեղեկություններ: Մասնավորապես, նա պնդում է, որ «Ալ-Քաիդա»-ի առաջնորդի տան անմիջական հարևանությամբ ոչ մի փոխհրաձգություն տեղի չի ունեցել, իսկ ինքը՝ ահաբեկիչը, ինքնասպան է եղել նախքան հատուկջոկատայինները մտել են նրա սենյակ:
ԱՄՆ որոշ պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ «Դժվար օրը» կարող է պարունակել գաղտնի տեղեկություն, քանի որ գիրքը գրաքննություն չի անցել Պենտագոնում: ԱՄՆ պաշտպանության նախարարության կանոնների համաձայն՝ գերատեսչության ներկա և նախկին աշխատակիցների ցանկացած գիրք պետք է, նախքան հրատարակումը, ստուգում անցնի: Այնուամենայնիվ, գրքի հեղինակը Associated Press-ին հավաստիացրել է, որ «չի բացահայտել որևէ տեղեկություն, որը կարող է սպառնալիքի տակ դնել ԱՄՆ անվտանգությունը»:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Բեն Լադենը ամերիկյան հատուկջոկատայինների կողմից սպանվել է մայիսի 1-ին Պակիստանի սահմանի մոտ գտնվող Աբոտաբադ քաղաքի իր տանը:











































