Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն անդրադարձել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում կացնահարած Ռամիլ Սաֆարովին արտահանձնած հունգարական իշխանությունների քայլին ու դրան հաջորդած իրադարձություններին: Ստորև ներկայացնենք վերլուծաբանի հոդվածը.
«Այս շաբաթը մռայլ էր նրանց համար, ովքեր հուսով են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև կոնֆլիկտը կստանա խաղաղ լուծում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կատարեց խորապես սադրիչ քայլ` համաներելով ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին, որը դատապարտվել էր Հունգարիայում հայ սպայի սպանության համար ու արտահանձնվել հայրենիք:
Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար: Հանցագործությունը տեղի էր ունեցել 2004թ., երբ երկու զինծառայողներն էլ գտնվել են Հունգարիայում` ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու նպատակով:
Զգացմունքների պոռթկում
2004թ. էթնիկ շարժառիթներով դաժան սպանությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում դարձավ զգացմունքների անխուսափելի պոռթկումի պատճառ:
Հռետորաբանության պատերազմ բռնկվեց ԶԼՄ-ներում, որոնք, որպես կանոն, իրենց թույլ են տալիս ասել ավելին, քան պաշտոնատար անձինք: Հայաստանում Մարգարյանի հուղարկավորությունը դարձավ պետական մասշտաբի իրադարձություն: Ադրբեջանում խորհրդարանի որոշ անդամներ համարձակվեցին Սաֆարովին անվանել հերոս, սակայն շատ ադրբեջանցիներ ամոթ էին զգում Սաֆարովի գործողությունների համար:
Սակայն 8 տարի անց իրավիճակն արմատապես փոխվեց, ու մենք դեռ պետք է իմանանաք, թե ինչպիսին պետք է լինի դրա հետևանքները:
Առայժմ մեզ դեռ անհայտ պատճառներով Հունգարիայի կառավարությունը երկու կողմերի միջև ստորագրված կոնվենցիայի շրջանակում համաձայնեց Սաֆարովին արտահանձնել Բաքու:
Համաձայն այդ համաձայնագրի` ձերբակալվածը կարող է իր պատիժը կրել հայրենիքում ու վաղաժամ ազատ արձակվել միայն 25 տարի անց:
Դրա փոխարեն Սաֆարովին անհապաղ համաներում են շնորհել: Քիչ էր, որ ադրբեջանական իշխանությունները նրան ազատ արձակեցին, նրանք վերջինիս հերոս դարձրին: Սաֆարովին Բաքվում բնակարան նվիրեցին ու բարձրացրին զինվորական կոչումը` մինչև մայոր:
Միջազգային դատապարտում
Ցանկացած գործողություն ռեակցիա է առաջացնում: Թե՛ ԱՄՆ կառավարությունը, թե՛ Ռուսաստանի ԱԳՆ-ն իրենց անհամաձայնությունը հայտնեցին Ադրբեջանի գործողությունների նկատմամբ, ու դա զարմանալի չէ:
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը նույնպես անհանգստություն հայտնեց, ընդ որում՝ զերծ մնալով Հունգարիայի հասցեին ուղղակի քննադատությունից: ԵՄ-ն առանց այդ էլ խնդիրներ ունի Հունգարիայի վարաչապետ Վիկտոր Օրբանի ու նրա քաղաքականության հետ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա երկիրը հասել է եռման կետի: Երևանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, ու միջազգային դիտորդները, որոնք հետևում են առանց այդ էլ խզման կետին գտնվող Ղարաբաղյան բանակցային գործընթացին, անհանգստությամբ հետևում են, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:
Հայաստանի իշխանությունները վաղուց են հայտարարում, որ դժգոհ են կարգավորման խաղաղ գործընթացից: Հունիսին Երևանը բավական կոշտ կերպով հետաքրքրվեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնից` ինչո՞ւ է ԱՄՆ-ն այդքան թույլ արձագանքում հայ-ադրբեջանական հրադադարի խախտման դեպքերին, որոնց պատասխանատվությունն ընկած է Բաքվի վրա:
Հիմա Հայաստանը հավելյալ առիթ ունի` հրաժարվելու մասնակցել խաղաղ բանակցություններին: Որոշ հայ մեկնաբաններ կոչ են անում դիմել այնպիսի արմատական քայլերի, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է:
Մտավախություններ կան, որ Հայաստանում ֆանատիկորեն տրամադրված տարրերը ցանկանան իրականացնել հատուցման ակցիաներ:
Այսկերպ, ադրբեջանական կառավարության գործողություններն արդեն ոչ մի կերպ չի կարելի հասարակ սխալ համարել: Ավելի շուտ դա տագնապալից վկայությունն է այն խորհուրդների որակի մասին, որոնք Ալիևին տալիս է նրա մերձավոր շրջապատը:
Հարված իմիջին
Վերջին տարիներին Բաքուն ծախսել է տասնյակ միլիոնավոր դոլարներ` փորձելով Ադրբեջանը ներկայացնել որպես դինամիկ զարգացող, ժամանակակից երկիր: Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի ԱԽ անդամ, իսկ Բաքվում կայացել է «Եվրատեսիլի» վերջին փուլը:
Սակայն այն բանից հետո, երբ Բաքվի կառավարությունը գրկաբաց ընդունեց մարդասպանին, երկրի իմիջին հասցվեց ահռելի վնաս:
Ցավոք, հաղթող դուրս եկան միայն երկու կողմերի արմատական տարրերը: Հայաստանում կոշտ դիրքորոշման կողմնակիցներն առիթ ունեցան ասելու, որ պետք չէ վստահել ադրբեջանցի բարբարոսներին:
Ես անձամբ եմ ճանաչում ադրբեջանցի շատ ոչ կառավարական ակտիվիստների ու անգամ միջին դասի չինովնիկների, որոնք աննկատ երկխոսություն էին հաստատում հայերի հետ: Տեղի ունեցածից հետո նրանց ջանքերը կարելի է ապարդյուն համարել:
Ու եթե անգամ ինչ-որ դրական բան կա այս մռայլ դրվագում, դա այն փաստն է, որ միջազգային հանրությունը գուցե ավելի շատ ուշադրություն դարձնի Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր կոնֆլիկտի առաջացման վտանգավորությանը:
Այդ կոնֆլիկտը բոլորովին էլ «սառեցված» չէ` հակառակ տարածված կարծիքի: Առայժմ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի փափուկ միջնորդային ջանքերը կողմերին չեն տեղաշարժել իրենց անհաշտ դիրքերից:
Իսկ Սաֆարովի ընդունելությունը Բաքվում ենթադրում է, որ իրավիճակը տանում է ավելի շատ պատերազմի, քան խաղաղության: Դա դեռ կարելի է կանգնեցնել, սակայն դիվանագիտական ջանքերը պետք է անհապաղ գործադրել:
Թոմաս դե Վաալ, Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան
Աղբյուր` BBC-ի ռուսական ծառայություն:
Թարգմանությունը՝ Կարմեն Ղուկասյանի





































