ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Իրանն իր մեծ հեռահարություն ունեցող «Կարար» տիպի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հագեցնում է հրթիռներով: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար Մոհամեդ Իսլամին:
Վերջինիս խոսքերով՝ Իսլամական հեղափոխության պահակազորը վերջին զորավարժությունների ժամանակ գործածել է ԱԹՍ-եր, և պաշտպանության նախարարության պլանի համաձայն` ներկայում դրանք հագեցվում են հրթիռներով:
Իսլամին հավելել է, որ Իրանի ՊՆ-ը արժեքավոր տեխնիկական տեղեկություններ է ստացել ամերիկյան RQ-170 տիպի ԱԹՍ-ի զննումից հետո, որն Իրանի հակաօդային ուժերի կողմից վայր էր գցվել 2011 թվականի դեկտեմբերի սկզբին: Այն ժամանակ ամերիկյան այդ ԱԹՍ-ն իրանցի զինվորականների ձեռքում հայտնվեց գրեթե անվնաս վիճակում:
«Կարար» ԱԹՍ-ն ի վիճակի է մեծ արագությամբ տեղաշարժվել մեծ հեռավորության վրա և գործածվել հետախուզական տվյալներ հավաքելու նպատակով: Բացի այդ, այն ի վիճակի է կրել մարտական հրթիռներ՝ ցամաքային թիրախները ռմբակոծելու համար:












































