Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավար Նիկոլայ Բորդյուժան սեպտեմբերի 3-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ազատ արձակման հետ:
«Ադրբեջանի իշխանությունների որոշումը՝ ներում շնորհել և պատասխանատվությունից ազատ արձակել Հունգարիայի Հանրապետությունից արտահանձնված հայ սպայի մարդասպանին, հակասում է միջազգային իրավունքի նորմերին, կասկածի տակ է դնում հանցավորության դեմ պայքարելու միջպետական համակարգի կենսունակությունը: Այդ քայլը, որը հստակ արվել է ի շահ կոնյունկտուրային քաղաքական նպատակների, ոչ մի բանով չի կարող արդարացվել: Ավելին, հանցագործի հերոսացումը միայն կնպաստի առանց այն էլ բարձր տարածաշրջանային լարվածության ավելացմանը»,- հայտարարել է Բորդյուժան, որի խոսքերը մեջբերում է Regnum-ը:
ՀԱՊԿ ղեկավարը վստահություն է հայտնել, որ միջազգային հանրությունը չի հապաղի օբյեկտիվ գնահատական տալ կատարվածին:







































