Սեպտեմբերի երկուսին եգիպտական հեռուստատեսության եթերում 50 տարվա ընթացքում առաջին անգամ լուրերը կարդացել է հիջաբով հեռուստահաղորդավարուհին, հաղորդում է Agence France-Presse-ը: Նա տեղական «Առաջին ալիքի» աշխատակցուհի Ֆաթիմա Նաբիլն է, որը եթեր է դուրս եկել սև կոստյումով և հիջաբով` ներկայացնելով 12:00-ի լուրերը, նշում է Associated Press-ը:
Մինչև իսլամիստ Մուհամեդ Մուրսիի իշխանության գլուխ անցնելը կանայք հիջաբով կարող էին աշխատել եգիպտական հետուստատեսությունում միայն այն դեպքում, եթե նրանք կադրում չէին հայտնվում:
Մինչ Նաբիլը ծածկված գլխով կանայք հեռուստաեթերում հայտնվել էին 50 տարի առաջ, նշում է Associated Press-ը:
Ֆաթիմա Նաբիլի` հիջաբով եթերում հայտնվելու նախօրեին` սեպտեմբերի մեկին, տեղեկատվության նախարար Սալահ Աբդել Մաքսուդը հայտարարել էր մասնավոր արբայնակային հեռուստաալիքին, որ որևէ պատճառ չի տեսնում, ըստ որի կանայք չեն կարող ծածկված գլխով լուրեր կարդալ: Նաբիլը «Մուսուլման եղբայրեր» կուսակցության թերթին հայտարարել էր, որ հեղափոխությունը «վերջապես» հասավ եգիպտական ԶԼՄ-ներին:
Մուրսիի իշխանություն գալուց հետո արևմտյան երկրները վախենում էին, որ Եգիպտոսը կդադարի աշխարհիկ երկիր լինելուց: Նախագահը խոստացել է, որ դա տեղի չի ունենա և Եգիպտոսն իր օրոք կդառնա «քաղաքացիական, սահմանադրական և ժամանակակից պետություն»:








































