«Արմենպրեսի» -ի փոխանցմամբ `մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տարհանելու վերաբերյալ Հունգարիայի կառավարության քայլը խիստ վրդովեցրել է ռումինահայերին: Բացի իրավական և դիվանագիտական հարաբերությունների միջազգային նորմերի կոպիտ խախտումից, նրանք սա դիտում են որպես ապտակ երկրի հիմնադրի կարգավիճակ ունեցող հունգարահայերին և այն երևելիների հիշատակին, ովքեր իրենց արյունով ու տաղանդով կռել են այդ երկրի փառքը: Ռումինահայերին սա առանձնապես է վրդովեցրել, քանի որ նրանք պատմականորեն կապված են հարևան հունգարահայերին և հաճախ կիսել են ճակատագրերը:
«Արմենպրեսի» թղթակիցը հայտնել է, որ ռումինահայ համայնքի ղեկավարությունը շաբաթ և կիրակի օրերին հրավիրել են ժողովներ` լսելու Հայաստանի ղեկավարության` ազգովի համախմբման և կատարվածի դեմ ակտիվորեն բողոքելու պատգամները և քննարկելու անելիքները: Որոշում է կայացվել, որ Ռումինահայոց միության և թեմի կողմից երկուշաբթի կտարածվի համատեղ հայտարարություն, իսկ քաղաքապետարանի կողմից արտոնություն ստանալուց հետո բողոքի ցույց կկազմակերպվի Բուխարեստում Հունգարիայի դեսպանատան դիմաց: ՌՀՄ հաղորդագրությունը, ինչպես նաև ռումինահայերի բողոքները կզետեղվեն համացանցում: ՌՀՄ-ն հրահանգներ է տվել իր մասնաճյուղերին ակտիվանալ տեղերում: Ռումինիայի Հունգարների միության ղեկավարները կապվել են ՌՀՄ նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի հետ և իրենց անհամաձայնությունը հայտնել Հունգարիայի կառավարության որոշմանը:
Օգոստոսի 31-ից սկսած ռումինական լրատվամիջոցներում լայնորեն քննարկվում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման և մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցերը: Ռումինական ինտերնետային տեղեկատվական կայքերը (romanialibera.ro, adevarul.ro, agenda.ro, cotidianul.ro, gandul.info), ինչպես նաև մի շարք հեռուստաալիքներ (tvr, Antena3, rtv) ներկայացրել են ոճրագործ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, Հունգարիայում ընթացած դատավարության և Ադրբեջան վերադառնալուց հետո մարդասպանի մեծարման մասին տեղեկություն: Ներկայացված հոդվածները վերնագրված են. «Բուռն ցույցեր Երևանում Հունգարիայի հուպատոսության առջև` այրելով Հունգարիայի դրոշը». «Հունգարացիները մարմնավաճառի պես վաճառել են իրենց պատիվն ու խիղճը ադրբեջանցիներին», «ՀՀ նախագահ. «Կասեցնում ենք դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ». «Տես որն է պատճառը», «Երևանում Հունգրիայի հյուպատոսության առջև հայերը այրել են Հունգարիայի դրոշը»:
Սեպտեմբերի 2-ին` ժամը 12:00-ի սահմաններում, արտառոց դեպք է գրանցվել Բուխարեստում Հունգարիայի դեսպանությանը: Նախնական տվյալներով, երեխայի ձայնով մեկը զանգահարել էր ոստիկանություն և հայտնել, որ Հունգարիայի դեսպանությունում ռումբ է տեղադրված: Դեսպանության աշխատակիցները անմիջապես տարհանվել են, տեղում զննություն է իրականացրել ռումինական ոստիկանության հակաահաբեկչական խումբը: Զննության արդյունքում արձանագրվել է, որ ահազանգը կեղծ է: Նման երևույթները հաճախակիացել են Ռումինիայում և դեսպանության քաղաքական հարցերով խորհրդական Ադամ Բալասն, իր հերթին հայտարարել է, որ տեղի ունեցածը չունի ոչ մի քաղաքական ենթատեքստ: Նրա խոսքով, զննությունից հետո իրենց տեղեկացրել են, որ տեղեկությունը կեղծ է և Ռումինիայում այս երևույթը բավական հաճախ է տեղի ունենում: Ռումինական մամուլը տեղի ունեցածը կապում է մարդասպան Սաֆարովի էքստրադիցիայի հետ` նշելով, որ այս օրերին ամբողջ աշխարում հունգարական դիվանագիտական ներկայացուցչությունների առջև տեղի են ունենում բողոքի ակցիաներ:










































