«Հունգարիայի այս քայլը ապտակ էր հաղթանակած երկրին: Ընդ որում` շատ դեմոկրատ, բարձր մարդկային արժեք ունեցող Եվրոպայի կողմից սա հերթական ապտակն էր Հայաստանին, և այս ապտակից, կարծում եմ, բացի վիրավորվելուց, պիտի հասկանանք, թե ինչու մեզ ապտակեցին: Պիտի հասկանանք, թե ինչն է պատճառը, որ հաղթանակած երկրի հետ այնքան հաշվի չեն նստում, ինչքան պատերազմում պարտված, իր տարածքի 20-30 տոկոսը կորցրած պետության հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին այս կերպ արտահայտվեց գրող Կարինե Խոդիկյանը:
Նրա կարծիքով` քանի դեռ մենք մեր ազգը, անհատականությունը պահելու խնդիր չենք դնում ազգովի, պետականորեն, քանի դեռ մեզանից ամեն մեկը իր երկրին տեր չի զգում և վաղուց «մեր երկիր» բառակապակցությունը վերածվել է «Էս երկիր»-ի, նման պարտություններ և ապտակներ դեռևս անպակաս կլինեն: Սակայն նա հուսաց, որ ահավոր արտագաղթի հետևանքով հասարակության մեջ թեկուզ մի բուռ մնացած պայքարող մասը կարող է ինչ-որ բան փոխել. «Սկսած քաղաքացիական նախաձեռնություններից, վերջացրած այն առանձին անհատներով, ովքեր չեն համակերպվում այս իրականության հետ, անպայման կփոխեն մեր երկիրը: Ես հույս ունեմ, որ օրերից մի օր կհասկանանք, որ իսկապես մեր առաջին խնդիրը երկրին տեր կանգնելն է»:









































