Տոկիոյի ղեկավարության ներկայացուցիչները սկսել են լուսանկարել և ստուգման համար ջուր վերցնել երեք անմարդաբնակ կղզիներից, որոնք Չինաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական աղմուկի պատճառ են դարձել:
25 մարդուց բաղկացած խումբը նավակով մոտեցել է Սենկակու կղզուն: Տոկիոյի նահանգապետ Իսիհարա Սինտարոն մտադիր է դրանք գնել մասնավոր սեփականատերերից, որպեսզի ամրացնի ճապոնական վերահսկողությունը նրանց նկատմամբ: Կղզիների համար առաջարկվել է 26 մլն դոլար:
Ճապոնական իշխանությունները, սակայն, չեն ցանկանում սրել Չինաստանի հետ հարաբերությունները, այդ պատճառով խմբին թույլ չեն տվել իջնել կղզի:
Օգոստոսի 19-ին լրատվամիջոցները հայտնել են, որ ճապոնացի մի խումբ ակտիվիստներ իջել են վիճելի կղզիների վրա: Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դա չինական սահմանի խախտում է, քանի որ կղզիները պատկանում են իրեն:
Ավելի վաղ չինացի մի խումբ ակտիվիստների կղզիներից մեկի վրա իջնելու համար ձերբակալել էր Ճապոնիայի ոստիկանությունը:
Այս ամենը մեծ լարվածություն է առաջացրել երկու երկրների միջև:







































