ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Արմենպրես գործակալության հարցին` ինչպե՞ս կմեկնաբանեք պաշտոնական Բաքվի փորձերը արդարացնելու Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին Ադրբեջանի նախագահի հրամանագիրը Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիային համապատասխանությամբ պատասխանել է.
Բաքվի փորձերը Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը արդարացնելու Ստրասբուրգի կոնվենցիայի դրույթներով անհիմն են և նույնքան հրեշավոր, որքան ցմահ դատապատրված մարդասպանին ազատ արձակելն ու մեծարելը: Ադրբեջանի ղեկավարության այս աղաղակող արարքը հակասում է ոչ միայն Կոնվենցիայի հումանիստական նպատակներին, այլ նաև մարդու իրավունքների եվրոպական համակարգի ոգուն:
Դատապարտված են Ադրբեջանի ճիգերը ստվեր գցելու միջազգային իրավական նորմերի վրա և հարմարացնելու դրանք սեփական մարդատյաց, ռասիստատկան «արժեհամակարգին»: Դրանք միայն հավասարեցնում են նողկալի մարդասպանին նրան հերոսացնող Ադրբեջանի ղեկավարների հետ:












































