Թեհրանում Չմիացած երկրների շարժման գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին օգոստոսի 31-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին Իրանի նախագահը ջերմությամբ հիշել է անցյալ դեկտեմբերին իր այցելությունը Հայաստան եւ գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի Նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները արդեն կյանքի են կոչվում: Իրանի նախագահը խնդրեց իր ջերմ ողջույներն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Էդվարդ Նալբանդյանը Մահմուդ Ահմադինեժադին փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ շնորհավորեց Չմիացած երկրների շարժման նախագահությունը ստանձնելու եւ կազմակերպության գագաթաժողովի բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը կարեւորել են երկու երկրների միջեւ զարգացող համագործակցությունը, քննարկեցին համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձան Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի, նավթամթերքների խողովակաշարի կառուցման նախագծերին:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Իրանի նախագահն ընդգծել է, որ իր երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ այն պետք է կարգավորվի արդարացիորեն եւ խաղաղ բանակցությունների միջոցով:
Թեհրանում նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարեւորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը, երկու երկրների նորընտիր խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձել են մի շարք տարածաշրջանային խնդիրներին:
Էդվարդ Նալբանդյանի թեհրանյան օրակարգում է եղել հանդիպումը Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:
Նախարարները անդրադարձել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային մի շարք խնդիրների:












































