Գիտնականները պարզել են, որ օրական 75 գ հունական ընկույզի օգտագործումը բարելավում է կենսունակությունը, շարժունակությունը և 21-35 տարեկան առողջ տղամարդկանց սպերմատոզոիդների մորֆոլոգիան:
Ներկայումս աշխարհում մոտ 70 մլն զույգ տառապում է սուբֆերտիլությամբ (երեխա ունենալու ցածր ունակությամբ) և անպտղությամբ: 30-50% դեպքերում պատճառը տղամարդիկ են: Հետազոտությունները ցույց են տվել, որ զարգացած երկրներում տղամարդկանց սպերմայի որակն ընկել է, ինչը, հավանական է, կապված է շրջակա միջավայրի աղտոտման, սխալ ապրելակերպի և սննդի հետ:
Բժիշկ Վենդի Ռոբինսն ու նրա գործընկերները` Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից որոշել են պարզել` արդյոք կիսահագեցած ճարպային թթուների ավելացումն օրգանիզմում կբարձրացնի սերմնահեղուկի որակը:
Հետազոտությանը մասնակցել է 21-35 տարեկան 117 առողջ տղամարդ,- փոխանցում է Kedem-ը: Նրանք բաժանվել են 2 խմբի. 58 հոգի չի օգտագործել ընկույզ, 59-ը պետք է օրական 75 գ հունական ընկույզ օգտագործեին:
12 շաբաթ հետո ընկույզ օգտագործած մասնակիցների մոտ բարելավվել է կենսունակությունը, շարժունակությունը և սպերմատոզոիդների մորֆոլոգիան:









































