Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրում է բենզինի շուկան՝ կապված վառելիքի թանկացումների հետ: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունից, հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հանձնարարությամբ ուսումնասիրությունը սկսվել է դեռ 2 շաբաթ առաջ, երբ բենզինի գինը կրկին 10 դրամով բարձրացել էր:
ՏՄՊՊՀ-ից նշեցին, որ այս տարվա ընթացքում բենզինը գնային շատ տատանողական վարքագիծ է դրսևորել, տարվա սկզբում թանկացել էր, ապա մայիսի 21-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում 2 անգամ 10-ական դրամով էժանացել էր: Շուկայի խոշոր ներկրողներից արդեն պահանջվել է տեղեկատվություն՝ գնային փոփոխությունների հիմնավորվածությունը պարզելու համար:
Հիշեցնենք, որ բենզինի շուկայում գերիշխող դիրք ունեն «Ֆլեշ» (իրացման ծավալներով գրավում է շուկայի 42.6%-ը) և «Սիթի Պետրոլ Գրուպ» (իրացման ծավալներով գրավում է շուկայի 41.8%-ը) ընկերությունները, որոնք գրեթե նույն համամասնությամբ գերիշխող են նաև դիզելային վառելիքի շուկայում:







































