Օրերս մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստան մուտք գործելու թույլտվություն չէր տրվել Ստամբուլ-Երևան չվերթով ժամանած սիրիահայերի մի ընտանիքի: Այդ կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը նշել է, որ հիշյալ անձինք իրականում ազգությամբ ասորի են և փորձել էին հատել ՀՀ պետական սահմանն առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության:
«Նրանք նպատակ էին հետապնդել, ՀՀ տարածքն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, ապօրինի միգրացիայի կազմակերպչի օժանդակությամբ տեղափոխվել երրորդ երկիր: Մինչ Հայաստան ժամանելը նրանց փորձը Ստամբուլից մեկնել Եվրոպա հաջողությամբ չի պսակվել: Սիրիայի նշված քաղաքացիները Երևան-Ստամբուլ չվերթով հետ են վերադարձվել ժամանման երկիր` Թուրքիա»,-ասել է Բաղրամյանը:












































