Այսօր Aravot.am-ը տեղեկություններ է ստացել այն մասին, որ Գյումրիում հնչած կրակոցների պատճառով Վարդան Ղուկասյանի թիկնապահներից մեկի` Հարություն Համբարյանի ձերբակալումից հետո ոստիկանությունը դադարեցրել է Գյումրու քաղաքապետի թիկնազորի լիազորությունները: Այլ կերպ ասած` քաղաքապետին այլևս արգելել են ման գալ թիկնապահներով: Նրանց զինաթափել են ու Վարդան Ղուկասյանին առաջարկել` եթե քո անվտանգության մասին ես մտածում, ապա անհրաժեշտության դեպքում դիմիր մեզ` քեզ ոստիկանական պահակախումբ կառաջարկենք:
Նշենք, որ իր դեմ կատարված մահափորձից հետո, Ղուկասյանը թիկնապահների մեծ խմբով էր ման գալիս, նրան ուղեկցում էին մոտ 5 հոգի: Aravot.am-ը այս տեղեկատվությունը ճշտել է նաև ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության կապերի վարչությունից, որտեղից մեզ փոխանցեցին, որ Գյումրու քաղաքապետը պայմանագրային հիմունքներով ուներ թիկնազոր, որի պայմանագրի ժամկետը լրացել է , ու ոստիկանությունը այն չի թարմացրել: Այսինքն քաղաքապետի պահպանության բաժնի աշխատակիցները եղել են ոստիկաններ: Նշենք, որ, ըստ լրատվամիջոցի աղբյուրների, քաղաքապետը միջնորդ է փնտրում երկրի նախագահի հետ հանդիպելու ու որդու վիճակը մեղմացնելու նպատակով:











































