ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ` նոր ուսումնական տարվա նախաշեմին ծանոթանալու առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող դպրոցների վերանորոգման աշխատանքների ընթացքին:
Ծրագրի երեք փուլերով Արմավիրի մարզին հատկացվել է շուրջ 3,9 մլրդ դրամ: Հիմնական միջոցներն ուղղվել են մարզի համայնքներում դպրոցների շենքերի վերանորոգմանը: Ընդհանուր առմամբ ծրագրում ընդգրկված է մարզի շուրջ 40 դպրոց, ընդ որում` որոշ դպրոցների շենքերի նորոգումն ավարտին հասցնելու համար գումարներ են հատկացվել ծրագրի բոլոր երեք փուլերով:
Փոխվարչապետին զեկուցվել է, որ աշխատանքները կատարվում են ըստ սահմանված ժամանակացույցի: Մարզի մի շարք համայնքներում աշակերտները նոր ուսումնական տարին կդիմավորեն բարեկարգ դպրոցներում:
Փոխվարչապետը մարզպետ Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ նախ եղել է Մրգաստան համայնքի դպրոցում, որի վերանորոգման համար ծրագրի երրորդ փուլով հատկացվել է 31,7 մլն դրամ: Այստեղ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, և առաջիկա օրերին ամբողջությամբ կավարտվեն:
Արտիմետ համայնքում դպրոցի նորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և այն պատրաստ է նոր ուսումնական տարվան: Առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով այդ նպատակով հատկացվել էր 47,5 մլն դրամ:
Հուշակերտ համայնքի դպրոցում ծրագրի երկրորդ փուլով հատկացված 38,5 մլն դրամով կառուցվում է կաթսայատուն ու ջեռուցման համակարգ: Աշխատանքները շարունակվում են և, ըստ պատասխանատուների, չեն կարող խանգարել ուսումնական գործընթացին:
Ծրագրի երեք փուլերով շուրջ 160 մլն դրամ էր հատկացվել Լուկաշին համայնքի դպրոցի վթարային մասնաշենքի ամրացման և վերանորոգման համար: Ծրագրով նախատեսված աշխատանքները մոտենում են ավարտին, սակայն շենքի նորոգումն ամբողջապես ավարտին հասցնելու համար լրացուցիչ միջոցներ կպահանջվեն: Ա. Գևորգյանը տեղում պատասխանատուների հետ քննարկեց հետագա աշխատանքների շարունակման հնարավորությունները:
Փոխվարչապետն այցելել է նաև Խանջյան համայնք, որի վթարային դպրոցի շենքի ամրացման համար պետբյուջեից ընդհանուր առմամբ 217 մլն դրամ է հատկացվել: Զեկուցվել է, որ աշխատանքներն արդեն ավարտվում են, և նոր ուսումնական տարին աշակերտները կսկսեն հիմնանորոգված դպրոցում` թողնելով մանկապարտեզի շենքը:
Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորել է ուշադրություն դարձնել աշխատանքների որակին, իսկ այն դպրոցներում, որտեղ վերանորոգման աշխատանքները շարունակվում են, դրանք կազմակերպել այնպես, որ չխանգարեն ուսումնական գործընթացին:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ համայնքներում փոխվարչապետը հանդիպել է նաև դպրոցների կոլեկտիվների և բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները: Մասնավորապես, մանկավարժների կողմից բարձրացվեց դրույքաչափը շաբաթական 22 –ից 18-ժամյա դարձնելու հարցը, ինչին ի պատասխան Ա. Գևորգյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ Կրթության և գիտության ու Ֆինանսների նախարարությունների կողմից ուսումնասիրություններ են իրականացվում խնդրի հետ կապված, որոնց արդյունքներով էլ համապատասխան որոշումներ կկայացվեն: Բնակիչները բարձրացրին գյուղմթերքի, հատկապես` կարտոֆիլի, կաղամբի և դեղձի իրացման, մթերող ընկերությունների կողմից մթերումների դիմաց ժամանակին վճարման, ապրանքի դիմաց վճարվող գնի, ինչպես նաև ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր: Բնակիչները նշեցին, որ սակավաջուր տարին ոռոգման հարցում որոշակի դժվարություններ է առաջացնում և առաջարկեցին առավելագույնս օգտագործել խորքային հորերը, հնարավորության դեպքում` շահագործել նորերը: Ա. Գևորգյանը խոստացել է, որ բարձրացված հարցերը կքննարկվեն կառավարությունում:
Խանջյան համայնքում մտահոգություն է հնչել, որ նոր վերանորոգված դպրոցի մոտով անցնող սելավատարը կարող է վնաս հասցնել շենքին: Փոխվարչապետը նշել է, որ Քաղաքաշինության նախարարությանը կհանձնարարվի լուծում տալ խնդրին:
Փոխվարչապետը ծանոթացել է նաև Արմավիր-Լուկաշին-Խանջյան ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրով: 6,5 կմ ճանապարհահատվածի վերանորոգումը նախատեսվում է ավարտել նոյեմբերին:









































