Էկվադորի դատարանը մերժել է Բելառուսի հերթական հարցումը` արտահանձնել բելառուս միլիցիոներ Ալեքսանդր Բարանկովին, որին հայրենիքում մեղադրում են շորթման մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դատարանը ուժի մեջ է թողել Բարանկովին քաղաքական ապաստան տրամադրելու որոշումը:
Մի քանի տարի առաջ բելառուսական միլիցիայում աշխատող Բարանկովի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ:
Հետաքննության տվյալներով` նա ու նրա ծառայակիցը հավաքել են տեղեկություններ գործարարների մասին, ապա նրանցից պահանջել են գումարներ (քրեական հետապնդում չիրականացնելու դիմաց):
Բարանկովի գործընկերը դատապարտվել է, իսկ նրան հաջողվել է հեռանալ երկրից: Անձամբ Բարանկովը պնդում է, որ հայրենիքում ենթարկվել է հետապնդման այն պատճառով, որ օգնել է բացահայտել իրավապահ մարմիններում ու իշխանության վերին շերտերում չարաշահումների դեպքերը:
Էկվադորը նրան տրամադրել է քաղաքական ապաստան: 2011 թ. Բելառուսը դիմել էր Էկվադորին` նրան արտահանձնելու հարցմամբ, սակայն մերժվել էր:








































